ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Դեմ առ դեմ մահակի ու դիմակի արդարությանը

Դեմ առ դեմ մահակի ու դիմակի արդարությանը
08.11.2013 | 00:50

Երբ մի քանի օր առաջ գրում էի 300 սպարտացիների մասին, բոլորովին չէի կարծում, որ նրանք այդքան արագ ի հայտ կգան Հայաստանում և այդքան տարբեր կլինեն իրենց բուն առաքելությունից: Չէի կարծում նաև այն ժամանակ, երբ Շանթ Հարությունյանը Ազատության հրապարակում մեն-մենակ հեղափոխություն էր սկսել: Ազատության հրապարակը ֆանտաստիկ ձգողականություն ունի` նստացույցի, հացադուլի, բռնությունների ու փոփոխությունների դրսևորման: Ազատության հրապարակը ֆանտաստիկ ուժի և ֆանտաստիկ թուլության դրսևորման հարթակ է: Հանճարեղ Թամանյանի մտքով ի՞նչ է անցել` չգիտեմ, բայց նրա կառուցած Ժողտան, որն այդպես էլ կիսատ մնաց, էներգետիկան տարիների միջով ոչ միայն չի սպառվում, այլև ավելանում է: Ժողտան ճակատային մասում դասական ճարտարապետության գիտակ Թամանյանը նախատեսում էր արձաններ, որոնք այդպես էլ մնացին իբրև նախագիծ: Նախագիծ մնաց նաև Շանթ Հարությունյանի հեղափոխությունը: Իրադարձությունը, ընդունեք, որ առանձնապես շրջադարձային կամ կարևոր չէր, բայց մեր անկարևոր օրերում ստացավ շրջադարձային հնչեղություն: Ինչո՞ւ: Որովհետև խորհրդարանական քաղաքական ուժերը Հայաստանում այնքան փորձ ու հմտություններ են կուտակել, որ այլևս ամեն անկարևոր հարցով չեն անհանգստացնում ո՛չ ժողովրդին, ո՛չ իրենք են անհանգստանում: Իսկ անկարևոր հարցերի թե՛ long list-ը, թե՛ short list-ը այնքան երկար է, որ կարող էի թվարկել ու հրապարակումն ավարտել: Քաղաքական ուժերն այնքան խելամիտ են դարձել, որ համաձայնել են` իրենց ձեռնարկած որևէ քայլ (անգամ քայլերի շարան` իբրև գործընթաց) իրավիճակ չի փոխելու: Իշխանությունն ամեն ինչից գոհ է, բայց հանուն պատշաճության ընդունում է, որ ինչ-որ խնդիրներ կան ու ինքն ամեն ինչ անում է` այդ խնդիրներն էլ լուծելու: Ընդդիմությունն ամեն ինչից դժգոհ է, և դարձյալ հանուն պատշաճության խոսում է ու խոսում` ընդունելով հանդերձ, որ իր ձեռնարկած քայլերի օգտակար գործողության գործակիցը 0 է, որ եթե իր գործունեությունը դիտարկվում է ոչ թե ջանքերի, այլ արդյունքների տեսակետից, կարելի է ասել` ընդդիմություն չկա: Որովհետև Հայաստանի երրորդ Հանրապետությունում չեն ընկալվում ընդդիմության բուն դերն ու նշանակությունը: Չեն ընկալում ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ ժողովուրդը: Դուք ուզում էիք իմանալ` ինչո՞ւ էր Շանթ Հարությունյանը հեղափոխություն անում: Հենց այդ պատճառով: Որովհետև մարդը հոգնել է: Հոգնել է իմաստ որոնել այնտեղ, որտեղից իմաստը հեռացել է: Հոգնել է նպատակ որոնել այնտեղ, որտեղ նպատակները նենգափոխվել են: Հոգնել է արդյունք որոնել այնտեղ, որտեղից հեռացել են իրենց հաղթանակը հռչակողները, որ ի վերջո համակերպվել են իրենց պարտության հետ: Շանթ Հարությունյանը չի ուզում համակերպվել: Համարեք նրան խելագար: Մարդը որոշել է մենակ գործել` համակ խելամտության մեր ժամանակներում միակ անխելամիտը դառնալով: Սա իբրև իրադարձությունների մարդկային գնահատական:
Բայց կա նաև քաղաքականը: Տարբեր մեղադրանքներ են հնչում, որ քաղաքական ուժերից որևէ մեկը չմիացավ Շանթ Հարությունյանին: Իսկ ինչի՞ն միանար: Ի՞նչ էր ուզում և ի՞նչ էր առաջարկում Շանթ Հարությունյանը: Նա զզվել է իշխանություններից (և նա մենակ չէ այս դեպքում), նա պատրաստ է հեղափոխություն անել ու պետական կառավարական շենքեր գրավել` նշանակություն չտալով, թե քանի մարդ է իրեն հետևում, ու ինչ արդյունքի է ինքը հասնելու: Իհարկե, Շանթ Հարությունյանը ո՛չ Վազգեն Մանուկյանն է, ո՛չ Կարեն Դեմիրճյանը, ո՛չ Ստեփան Դեմիրճյանը, ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ տարբեր թվականների նույն հրապարակում հավաքված ժողովրդին մենակ թողեցին` տարբեր հանգամանքներում ու տարբեր պատճառներով, բայց նույն անփոփոխ հետևանքով: Շանթ Հարությունյանը քաղաքական գործիչ չէ, կուսակցական` գուցե: Թեպետ նրա «Ցեղակրոն» կուսակցությունը ազդեցիկ կուսակցությունների շարքում երկար պիտի որոնես:

Այս դեպքում կա միայն հեղափոխության մտադրություն, հայտարարում, բայց ոչ իրականացում, որովհետև անգամ ամենախելագար հեղափոխությունները այսպես չեն իրականացվել. ունեցել են ինչ-որ ծրագիր, ժամանակացույց, գործող անձինք ու ամենակարևորը` թիկունքում կամ ժողովուրդ, կամ ուժային կառույցներ: Շանթ Հարությունյանը չուներ և չէր որոնել որևէ մեկի աջակցությունը: Նա պարզապես քաղաքական դեմք չէ, և անիմաստ է իրադարձությանը քաղաքական գնահատական տալը:
Իրավական հարթության մեջ ի՞նչ բերեց այս «հեղափոխությունը»: Մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից` Շանթ Հարությունյանը լիովին ունի սահմանադրական իրավունքներ իր հայացքները արտահայտելու, նա քարոզչությամբ չի զբաղվել: Իր մի քանի տասնյակ կողմնակիցների հետ հրապարակ է դուրս եկել հենց այդ նպատակով, և ամեն ինչ խաղաղ կմարեր, եթե չլիներ Հելոուինը: Դիմակներով, մահակներով ու բենզինե շշերով երթը բնականաբար կասեցվելու էր` ուր էլ ուղղված լիներ: Հայ իրականության մեջ իսկապես հեղափոխություն կլիներ, եթե ինչ-որ մեկին հաջողվեր դիմակով, թե անդիմակ Բաղրամյան 26 ¥անգամ 19¤ բարձրանալ: Հայ իրավապահները այդ շենքը պահպանում են ավելի մեծ ջանասիրությամբ, եռանդով, վախով ու երկյուղածությամբ, քան Պոնտացի Պիղատոսի զինվորները պահպանել են Հիսուսի դամբարանը հրեաների հարձակումից: Նրանք պահակել են երեք օր, մերոնք դատապարտված են երկար: Նրանք մտել են պատմության մեջ, մերոնք անընդհատ պատմությունների մեջ են ընկնում, որովհետև շատ տարբեր հասկացություններ են իրավապահն ու պահապանը: Իրավական հարթության մեջ Շանթ Հարությունյանը միանշանակ տանուլ է տալիս, որովհետև 21-րդ դարում մահակներով հեղափոխությունը մանկամիտ է, եթե նույնիսկ պայթուցիկ շշեր ավելացնենք: Բայց և նույնքան տանուլ են տալիս իրավապահները, որովհետև միանշանակ հաստատվում է` կան շենքեր, փողոցներ, փողոցների հատվածներ, որտեղ դադարում են գործել ոչ միայն օրենքները (օրենքները Հայաստանում ընդհանրապես տեղ-տեղ, ժամանակ առ ժամանակ, դեպք առ դեպք են գործում), այլև տրամաբանությունը: Երկկողմանի անիրավաչափ գործողությունների հետևանքները պետք է վերացնեին բժիշկները: Բարեբախտաբար` թեթև ու միջին ծանրության: Քաղբանտարկյալներ կլինե՞ն Հայաստանում հավարտ դիմակներով հեղափոխության: Հավանաբար` ոչ, որովհետև որևէ ռեալ քաղաքական վտանգ այս իրադարձությունները չեն ներկայացնում ոչ իշխանության համար ընդհանրապես, ոչ նախագահի համար մասնավորապես: Հակառակը` հիանալի հնարավորություն է ակնհայտ դարձնել նախորդ նախագահից տարբերությունները ժողովրդավարական ազատությունների ու մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում: Առավել ևս, որ այդ իրավունքները իրականում ոտնահարվում են ամեն քայլափոխի, բայց` աննկատ, առանց տարփողվելու ու անհետևանք:
Անցած օրերին «Մոսադի» ամփոփագրերի հետ մրցակցող վերլուծաբանները բազում փորձեր արեցին ներքաղաքական ու արտաքին քաղաքական հետագծեր պեղելու ու որոնումների արդյունքում իրենց տեսակետները հիմնավորելու նպատակով: Արժանի զբաղմունք է: Երբ գործ չկա: Արտաքին քաղաքական հետքեր գտնելը Շանթ Հարությունյանի պարագայում նման է դանայան տակառը ջուր լցնելուն: Արտաքին դրդումով ներքաղաքական դավադրությունը ևս մտացածին է: Որևէ քաղաքական ուժի հիմա մեկ օրվա խառնաշփոթ պետք չէր: Պետք չէ նաև մտածել, թե կային հեռագնա ծրագրեր, որոնք կանխվեցին մեր աննկուն իրավապահների անձնուրաց ջանքերով: Համաշխարհային դավադրություն Հայաստանի գործող իշխանության դեմ այս պարագայում չկա: Պարզ պատճառով` այս իշխանությունը առանձնապես չի դիմադրում, սեփական նախաձեռնություններ ու մտադրություններ չունի, պետությունը պահելու փող է վաստակում` ինչպես ու ինչքան կարողանում է (մեծացնելով պետական պարտքը, վարկեր վերցնելով ու պարտատոմսեր թողարկելով), միաժամանակ բարեհաջող հետաձգում է բոլոր մնացած հարցերի լուծումը, որոնք ոչ քիչ են, ոչ անկարևոր: Բայց հաջողվում է ստատուս քվոն պահպանել: Որքա՞ն` ժամանակը ցույց կտա: Ինչո՞ւ, որովհետև տարածաշրջանում ու տարածաշրջանից դուրս շատ ձեռնտու է ունենալ թույլ ու թուլացող Հայաստան, որը առավելագույնը կարող է հավակնել նույն այդ ստատուս քվոյի պահպանմանը, բայց չի ձգում ոչ զարգացման, ոչ իրավիճակի իր օգտին որևէ փոփոխության: Ինչպե՞ս, հենց այդպես, օրընթաց քաղաքականությամբ, քաղաքականություն չունենալով, որի հետևանքը դառնում են նույնքան օրընթաց հեղափոխությունները, որոնք ավարտվում են ծեծուջարդով և, որ իսկապես ամենազզվելին է, պատշաճ հեռավորությունից ծավալվող իրադարձությունները բջջայինով նկարահանող քաղաքացիների հոծ բազմությամբ: 300 սպարտացիներ այս երկրում 300 տարի էլ չեն ծնվի: Սպարտացիները զենքով չէին պահում պարսից բանակի առաջխաղացումը. պահում էին այն գիտակցությամբ, որ նրանք առաջ չպիտի գան, ու վերջ:
Եվ, այնուամենայնիվ, Շանթ Հարությունյանի օրընթաց հեղափոխությունը ակնհայտ դարձրեց մի քանի իրողություններ, որոնք առանց այդ էլ ակնհայտ էին, բայց սկսել էին մոռացվել.
1. Հայաստանում այնքան անկայուն կայունություն է, որ ամեն պահ ոչնչից կարող է ինչ ծագել. միայն պատրվակ է պետք, պատճառը միշտ կա ու կա:
2. Հայ իրավապահները շարունակում են մնալ պահապան, պարզ չէ, թե որքան ժամանակ է պետք, որ համակարգ մտնի իրավագիտակցությունը, որ գիտակցվի` պետությունն ու իշխանությունը նույնը չեն:
3. Հեղափոխությունը որպես պայքարի միջոց չի գիտակցվում իր զինանոցի ողջ հզորությամբ, ընդամենը պատկերացվում է իշխանության նյարդերը տարտղնելու, բայց ոչ իշխանափոխության միջոց: Հեղափոխության հայ հասարակությունը պատրաստ է, պատրաստ չեն հայ քաղաքական ուժերը, որ չունեն ծրագիր և պարզապես չգիտեն հետո ինչ անել, եթե նույնիսկ հաջողվի իշխանությունը վերցնել: Եվ սա գործող իշխանության մեծագույն հաջողությունն է ու խախուտ երջանկությունը, որովհետև ամեն ինչ կարող է փոխվել: Փոխվել ի հեճուկս ոչ միայն իշխանության, այլև նույն այդ քաղաքական ուժերի:
Իսկ ընդհանրապես պետք չէ ո՛չ ֆետիշացնել, ո՛չ թերագնահատել կատարվածը: Նման իրավիճակներ ստեղծվելու են նորից ու նորից, քանի դեռ մարդը որոնում է արդարություն, իսկ գտնում է մահակ` կապ չունի իր ձեռքին, թե ուրիշի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Շանթ Հարությունյանը (նրան խելագար կանվանեն, թե հեղափոխական) իր քայլն արեց: Անմիտ, թե խելամիտ` գնահատման չափանիշներից է կախված: Բայց նա արեց ինչ կարողացավ: Իսկ ի՞նչ ենք անում մենք: Մենք, որ մեր կյանքում գոնե մի օր, բայց անպայման եղել ենք Ազատության հրապարակում և Ազատության հրապարակի էներգետիկան զգացել ենք անտարակույս: Մենք, որ Թամանյանից ժառանգել ենք ոչ միայն շենք, այլև շենքն ավարտին հասցնելու առաքելությունը` գիտակցված, թե ոչ: Ալեքսանդր Թամանյանի նախագծած արձանները ե՞րբ են հայտնվելու իրենց տեղում` Ազատության հրապարակը պետք է իր ավարտուն տեսքն ունենա: Ընդունեք, որ գոնե մեկ անգամ սկսած գործը ավարտին հասցնելը բոլորիս պարտականությունն է` արձանից մինչև հեղափոխություն: Ազգային պարտականությունը, որ բարեհաջող հետաձգում ենք ժառանգների ժառանգների հույսով, նրանք էլ (ինչպես մենք հիմա) գալու ու ավերելու են մեր կառույցները և մեզ համարելու են մեղավոր` անավարտության մեր սինդրոմի մեջ: ՈՒ` սխալվելո՞ւ են:

Դիտվել է՝ 1701

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ